ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մտադիր է իր ընկերոջը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին նախարարի պաշտոնի համար բարեխոսել, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Թերթը գրել է, որ երկար ժամանակ է, ինչ նրա հարաբերությունները գործող նախարար Անահիտ Ավանեսյանի հետ լարված են: Հետևաբար, նա փորձել է օգտվել ապրիլի 16-ին նախարարության շուրջ իրավապահ մարմինների գործողություններից։
«Թեև երեկ նա երկրում չէր, այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունների շրջանում արդեն սկսել է իր ընկերոջ PR-ով զբաղվել»,- գրել է թերթը։
Լրատվականը հիշեցրել է, որ Մանուկյանը մեծ աղմուկով կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականին, երբ Առողջապահության նախարարը Թորոսյանն էր։ Այժմ Մանուկյանը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Ապրիլի 16-ին Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել Առողջապահության նախարարությունում և Երևանի բժշկական կենտրոններից մեկում, Armenia Today-ին ասել էր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Մամուլը գրել էր, որ նախարարությունում խուզարկությունները կապված են առողջապահության ոլորտում պետական պատվերների բաշխման հետ և հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Լիլիթ Ավետիսյանին։