«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանին մեղադրել են ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու մեջ, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն»,- գրել է Մելիքյանը։
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեն խուլիգանության հատկանիշներով քրվարույթ էր հարուցել ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարի ժամկետով ազատազրկումն է։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին: