ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանը 90 տոկոսով բացառել է զիջումները, News.am-ին տեղեկացրել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին թույլ չեն տվել մտնել Ոսկեպարի մշակույթի տան դահլիճ, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը:
Ըստ Պետրոսյանի՝ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, որ սահմանազատման գործընթացն այս պահին կասեցված է, և կա միայն մեկ հատված, որի շուրջ քննարկվում է փոխզիջումների հարցը։ Վարչապետը, ըստ նրա, նաև առաջարկել է զուգահեռ սկսել շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, սակայն ոսկեպարցիները չեն համաձայնել, և Փաշինյանը տեղի է տվել: Քաղաքագետը հավելել է, որ համաձայնության գալու դեպքում այդ հատվածում երկու կողմից էլ սահմանապահներ կտեղակայվեն:
«Գլոբալ առումով՝ պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց, փաստացի, գործընթացն այս պահին կանգնած է: Այդ մասին նաև Փաշինյանը հայտարարեց»,- ասել է նա։
Քաղաքագետը կարծում է, որ ոսկեպարցիները կասեցրել են պետականության փլուզման գործընթացը։
«Եթե նրանք ոտքի չկանգնեին, կանոնավոր բանակն էլ էր հետ քաշվելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկա, բայց այս մարդիկ այս փուլում հաղթել են»,- հայտարարել է Պետրոսյանը։
Գյուղացիների պահանջներն այս պահին, ըստ նրա, բավարարվել են։
«Բայց եթե նրանք թուլացնեն զգոնությունը, իշխանությունն ավարտին կհասցնի իր ծրագրերը»,- եզրափակել է քաղաքագետը:
Ավելի ուշ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել էր «որոշ աղբյուրների» կողմից Փաշինյանին վերագրվող հայտարարությունները:
«Որոշ աղբյուրների կողմից վարչապետին վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- գրել է նա Facebook-ում:
Փաշինյանն ապրիլի 17-ին այցելել է Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղեր։ Նա այս տարի առաջին անգամ Տավուշ էր այցելել մարտի 18-ին և խոստացել 10 օր անց վերադառնալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: