Այս պահին դատարանը քննում է ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը:
Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ պաշտպանական թիմին է միացել նաև փաստաբան Արամ Վարդևանյանը:
Խոսելով ձերբակալված Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգման մասին՝ Մելիքյանը նշել է, որ խոշտանգման հետ կապված հարցերում ապացուցման պարտավորությունը պետության վրա է:
Նա հավելել է, որ ունեն որոշ «անակնկալներ», որոնք հանրությանը կփոխանցեն դատարանին ներկայացնելուց հետո:
Մելիքյանը հայտնել էր, որ Վարդանյանին մեղադրել են ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու մեջ:
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեն խուլիգանության հատկանիշներով քրվարույթ էր հարուցել ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարի ժամկետով ազատազրկումն է։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: