Քննչական կոմիտեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու, նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ կատարելու դեպքի վերաբերյալ ստացված հաղորդումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնում են ՔԿ-ից։
Ըստ ՔԿ-ի՝ Վարդանյանը տուժող է ճանաչվել: Քրվարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգումը՝ մի խումբ անձանց կողմից, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով):
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որում Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք» և ասել, որ իշխանությունները «հանձնում են իրենց հայրենիքը»։ Պատգամավորի հասցեին հնչեցրած վիրավորանքները Սիմոնյանը «խուլիգանական արարք» էր որակել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի կալանավորման մասին։ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, պատժի առավելագույն ժամկետն ազատազրկումն է երկու տարով)։ Ավելի ուշ ձերբակալվածին մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքական նպատակներով ատելություն սերմանելու համար։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պատմել էր նաև Վարդանյանի ձերբակալությունից հետո նրան ծեծի ենթարկելու մանրամասները։ Ապրիլի 17-ին դատարանը Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 7 միլիոն դրամ գրավը։