Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում հավաստիացրել էր, որ իր համագործակցությունն արևմտյան երկրների հետ ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Զախարովան պարզաբանել է, որ խոսքը գնում է «Հայաստանի ազգային անվտանգության և ռազմական ոլորտն ընդլայնելու» փաստաթղթի մասին, որը նախատեսում է փոխարինել ռուսական ռազմակայանը և ռուս սահմանապահներին։
«Մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s defense and security resilience կոչվող փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում արևմտյան մասնագետներով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանի սահմանին Ադրբեջանի և Իրանի դեմ դիվերսիոն աշխատանքի ընդլայնման նպատակ ունեն, ինչպես նաև Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և էներգետիկ համակարգի վերակողմնորոշումը Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժմամբ, իսկապես, պարտադրվել են Երևանին՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ»,- հավելել է ռուս դիվանագետը։
Զախարովան կարծում է, որ Հայաստանին վերապահված է միայն «գործիքի» դերը, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել։
«Ակնհայտ է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության և տնտեսական գործընկերության մեխանիզմների թուլացմամբ։
Արևմտյանները, ինչպես հասկանում ենք, ձգտում են վիճաբանություն հրահրել իրենց ամենամոտ հարևանների միջև՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի՝ անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ խոսքեր են ասում Հարավային Կովկասում խաղաղության մասին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ապրիլի 5-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձ:
Բրյուսելում ապրիլի 5-ին եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։