Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնության վերաբերյալ ապրիլի 11-ին ստացած հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, երկու տղամարդ կալանավորվել է, Armenia Today-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հաստատելով Aysor.am-ի տեղեկությունը՝ ըստ որի Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։
Աբրահամյանի խոսքով՝ քրվարույթը նախաձենռվել է Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-14 տարին չլրացած անձի նկատմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով)։
«Նախաքննության արդյունքում երկու տղամարդու մեղադրանք է ներկայացվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հավելեց ՔԿ խոսնակը։
Hraparak.am-ը գրել է, որ ապրիլի 11-ին Վարդենիսում երկու տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ: Կայքի տեղեկություններով՝ բռնաբարությունն իրականացրել են 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը: Տաքսու վարորդը, ըստ կայքի, Սոթքից է, մյուսը՝ Վարդենիսի Ակունք գյուղից: