Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը տարածաշրջանում, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ այլ գեոպոլիտիկ կենտրոնները, օգտագործելով իրադրային հնարավորությունները, ստեղծեցին իրավիճակ, որտեղ ՌԴ ազդեցությունն սկսեց թուլանալ, իսկ ի հաշիվ դրան՝ թուրքական ներկայությունն ուղղակի և անուղղակի ձևով աճեց»,- գրել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ որքան էլ, առաջին հերթին, դիտարկվում է ՀՀ իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի հարցը օրակարգից հանելու վերաբերյալ, ակնհայտ է, որ սա տարածաշրջանային առաջնահերթությունների տեսակետից հակասում է նաև ՌԴ շահերին:
Նա անազնիվ է որակել ռուս քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծել է և դրա համար է հեռանում:
«Անընդհատ շահարկվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բոլորովին այլ բան էր սահմանել և, առաջին հերթին, ռուս խաղաղապահների ներկայությամբ հայկական Արցախի գոյություն»,- ընդգծել է պատգամավորը:
Նա հավելել է, որ ՀՀ իշխանությունների հետ գործակցաբար դրված իրական խնդիրները չլուծելու գործում պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն ՌԴ այն գործիչներն ու կառույցները, ովքեր Հարավային Կովկասի ու, հատկապես, Հայաստանի հետ հարաբերություններով են զբաղվում:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներին տեղակայել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Նրանց առաքելությունը պետք է ավարտվեր 2025 թվականին։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Այս մասին ապրիլի 17-ին հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ապրիլի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման մասին։