Իսրայելը հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտին՝ ի պատասխան ապրիլի 14-ի գիշերն իրականացրած հարձակման, հայտնում է Fox News-ը։
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Սպահան նահանգում պայթյուններ են որոտացել։ Նշվում է, որ այս նահանգում է գտնվում Իրանի միջուկային օբյեկտներից մեկը։
Ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտին, սակայն Իսրայելից և Իրանից ենթադրյալ հարձակման մասին որևէ հաղորդում չի ստացվել:
Fars-ը հայտնել է, որ Սպահանի նահանգի հյուսիս-արևելքում երեք պայթյուն է լսվել: Իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով Իրանի բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստին, նշել է, որ Սպահան քաղաքում ապրիլի 19-ին ՀՕՊ ուժեր են աշխատել, որոնք հետ են մղել «կասկածելի օբյեկտների» գրոհները։ Միհանդուստին հայտնել է, որ քաղաքը վնասներ չի կրել։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված շուրջ 300 ԱԹՍ և հրթիռներ։