G7-ի (Մեծ յոթնյակի երկրներն են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան) ԱԳ նախարարները կոչ են արել Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները, հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու իրենց տները վերադառնալ ցանկացող փախստականների և տեղահանվածների անվտանգ և կայուն վերադարձը», – ասվում է G7 երկրների հայտարարության մեջ:
G7-ի ԱԳ նախարարները նաև կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
G7-ի արտգործնախարարներն ընդգծել են, որ հակամարտության հետագա սրումն անընդունելի է։ «Մեծ յոթնյակը» և նրա անդամները պատրաստակամություն են հայտնել խթանել հետագա կառուցողական շփումները բոլոր մակարդակներում՝ հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից առաջարկվող բանակցային ձևափաչով։