ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Սահմանազատման հանձնաժողովը չունի տարածքների զիջման և ադրբեջանական զինուժի առաջխաղացման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։
Թաթոյանը շեշտել է, որ այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ իրավական փաստաթղթում սահմանված չէ, իսկ կառավարության 23.05.2023թ. որոշումն ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատական կազմը։
«Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի մեծ խնդիրներ»,- ասվում է Թաթոյանի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ վարչապետը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։
«Բացարձակ անընդունելի է կառավարության ղեկավարի արդարացումը, թե առանց այդ էլ որոշ գյուղեր ադրբեջանական նշանառության ներքո են. ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու և նշանառությունը վերացնելու փոխարեն կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով՝ արդարացնելու համար քաղաքական որոշումները»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։
Նա հիշեցրել է, որ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ և նրանք ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ. սահմանազատումից հետո ավելի են մոտենալու գյուղին, հետևաբար՝ վտանգն ավելի է մեծանում:
Թաթոյանը հավելել է, որ կառավարությունը միտումնավոր է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ 4 գյուղի:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: