Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածում բացվել է Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը:
Ցուցարարները դադարեցրել են ճանապարհը փակելու ակցիան այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իշխանությունների հետ պայմանավորվածություն կա տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ապրիլի 22-ին հանդիպում կազմակերպելու մասին։
Դեպքի վայրում են մնացել մի խումբ ցուցարարներ, որոնց ոստիկանները, այդ թվում՝ բարձրախոսներով, կոչ են արել մաքրել ճանապարհի երթևեկելի հատվածը։ Այժմ ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։
Ճանապարհը փակած տավուշցիների հետ բանակցություններ էին վարել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի էր ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ էր կատարվել ՀՀ 4 գյուղի:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: