1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Մերի Վարդանյանին ընդունել են ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատում, հայտնում է Boston Herald-ը։
Նշում են, որ օրենսդիր մարմնի շենքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Ցեղասպանությունը վերապրած Վարդանյանը Ներկայացուցիչների պալատ է ժամանել Բոսթոնի ոստիկանական բաժանմունքի և Մասաչուսեթսի նահանգի ոստիկանության անդամների ուղեկցությամբ:
Պարբերականը հայտնում է, որ օրեսդիրներն ու այցելուները Վարդանյանին դիմավորել են բուռն ծափահարություններով:
Մերի Վարդանյանը (Ուզգուշյան) ծնվել է 1914 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում: Մեկ տարի անց սկսվել է Օսմանյան կայսրությունում հազարավոր հայերի կոտորածը։ Հաջորդ ութ տարիների ընթացքում 1,5 միլիոն հայ է սպանվել, իսկ շատերը տեղահանվել են իրենց հայրենիքից: Վարդանյանը երեք տարեկան էր, երբ նրա ընտանիքը փախել է՝ տեղափոխվելով նախ Սիրիա, ապա Լիբանան։ Նա ներգաղթել է ԱՄՆ 1970-ականներին: Հարազատների խոսքով՝ նա խաչով իրեր էր հյուսում և «Հայեր մի մոռացեք ապրիլի 24-ը» գրությամբ նվիրում եկեղեցիներին։
Վարդանյանն օգոստոսին կբոլորի 110-ամյակը, ունի 6 զավակ, 15 թոռ, 21 ծոռ և մեկ կոռ։