Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքող բնակիչները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնել է Ոսկեպարի բնակիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Բնակիչները փակել են միջպետական ճանապարհը, քանի որ երեկ, երբ փակել էինք Կիրանցի հատվածը, պաշտոնյաները խոստացան երկուշաբթի երեկոյան դիրքորոշում հայտնել կամ հարցին լուծում տալ։ Բայց այսօր առավոտյան ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այսօր ոստիկաններն ասացին, որ թյուրիմացություն է եղել, և ՊՆ-ի աշխատակիցները մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել»,- ասել է քաղաքագետը՝ նշելով, որ իշխանությունն այսպես փորձում է «քնեցնել գործընթացը, ժամանակ ձգել»։
Ավելի ուշ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտնել է, որ փակ է նաև Երևան-Թբիլիսի մայրուղին, ինչպես նաև Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը։
Ակցիայի վայր է ժամանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ցուցարարներին և ոստիկաններին հանգստության կոչ է արել:
Տավուշում՝ Իջևանի ճանապարհին, ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել, որի ժամանակ Երկրապահ կամավորականների միության նշանով մի մեքենա փորձել է ճեղքել տավուշցիների կողմից փակված ճանապարհը։
Ապրիլի 22-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել էին գյուղի հարակից ճանապարհը՝ չթողնելով, որ Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար ականազերծման աշխատանքներ իրականացվեն։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։