Տավուշի մարզում սահմանազատման դեմ բողոքի ցույցերի մասնակից «Մարտական եղբայրություն» միաբանության ևս 2 անդամ ապրիլի 21-ի ուշ երեկոյան բերման է ենթարկվել Իջևանի ոստիկանության բաժանմունք, հայտնել են կազմակերպության Facebook-յան էջում։
Նշվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին։
Կազմակերպությունն ապրիլի 21-ին հայտնել էր, որ «Մարտական եղբայրության» 5 անդամ բերման է ենթարկվել Նոյեմբերյանի բաժանմունք։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։ Ապրիլի 22-ին, սակայն, բնակիչները վերսկսել էին ակցիաները, քանի որ զորքերի հետքաշման նպատակով ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։