Դեպի Երևան և Երևանից մեկնող բոլոր 12 չվերթերը հետաձգվել են, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Նա նշեց, որ պատճառը վազքուղու վերանորոգման աշխատանքներն են։
«Աշխատանքները կտևեն մինչև ժամը 13։30-ը, ինչից հետո օդանավակայանը կանցնի իր բնականոն աշխատանքին»,- ասաց Մողրովյանը։
Ըստ օդանավակայանի պաշտոնական կայքի՝ հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթերը։
Քաղաքացիական ավիացիայից պարզաբանել են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանակավոր փակման հետ կապված խնդիրը։
«Թռիչքուղու գծանշման աշխատանքները նախապես ծրագրված էին․ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոցը» NOtice To AirMen էր ուղարկել թռիչքուղու պլանային աշխատանքների մասին, որոնց պատճառով թռիչքներ չեն իրականացվի»,- Armenia Today-ին ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։ Նա հավելեց, որ այս ծանուցումը հանրությանը հասանելի չէ։
Ուղևորները, որոնց չվերթերը հետաձգվել են, Armenia Today-ից հայտնեցին, որ ավիաընկերությունները չեն նշում թռիչքների ուշացման պատճառները և խնդրում են կապ հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի հետ։