Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերանայել վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը, այդ մասին GRECO-ն գրել է Հայաստանի վերաբերյալ իր հինգերորդ զեկույցում։
«GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների առկա փակ գործընթացները՝ դրանց օգտագործումը սահմանափակել միայն այն դեպքերում, երբ դրանք բավարար չափով արդարացված են ազգային անվտանգության նկատառումներով»,- ասված Է զեկույցում:
Զեկույցում նշել են, որ 2016 թվականին երկրի ղեկավարների հանդիսավոր ծախսերը գաղտնի են պահվել և, չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, այդ առումով օրենսդրական փոփոխություններ չեն եղել։ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետևել տեղեկատվության մատչելիության մասին օրենսդրությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվության մերժման դեպքերին:
GRECO-ն նաև առաջարկել է դիտարկել տեղեկատվության ազատության հետ կապված հատուկ վերահսկիչ մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի օրենսդրության կատարումը և մոնիթորինգ կիրականացնի։