Ապրիլի 22-ին Տավուշի մարզում շարունակվել են սահմանազատման, ինչպես նաև ՀՀ ԶՈւ հետքաշման նպատակով իրականացվող ականազերծման գործընթացի դեմ բողոքի ակցիաները։
Կիրանցում գյուղին կից ճանապարհահատվածում տավուշցիները վերջին 3 օրերի ընթացքում 3-րդ անգամ փակել էին ճանապարհը։ Ի աջակցություն տավուշցիների՝ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներն արգելափակել են Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհն Օձունի խաչմերուկում և Բավրայի սահմանային անցակետը: Տավուշցիները Ոսկեպարում փորձել են խանգարել սահմանազատման գործընթացի մեկնարկին։
Մասնավորապես, քաղաքացիները փորձել են խոչընդոտել Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի ականազերծման աշխատանքները, որն իրականացվում է Ադրբեջանի հետ սահմանագծման մեկնարկից առաջ։ Այնտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագիծն ու այդ հատվածում է ՀՀ ԶՈւ հենակետը։
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով սահմանազատման նպատակով ապրիլի 22-ին ստեղծված աշխատանքային խմբի կազմին, Տավուշի համայնքների ղեկավարներին, գործարարներին, զինվորականներին, մտավորականներին հորդորել է հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը։
Սրբազանը նշել է, որ Տավուշի համայնքների ղեկավարներին աշխատանքային խմբում ներառելով՝ իշխանությունը փորձում է պատասխանատվությունը նրանց վրա բարդելու հող նախապատրաստել։ Տավուշի թեմի առաջնորդն ընդգծել է, որ տարածքների հարցերը պետք է լուծվեն բացառապես հանրաքվեի միջոցով:
«Սա հանցագործություն է։ Չորս համայնքների ղեկավարներն իրավասու չեն նման որոշումներ կայացնել։ Հարցը պետք է լուծվի ոչ թե համայնքային, այլ Հայաստանի օրենսդրության և միջազգային պայմանագրերի սկզբունքների հիման վրա։ Հարցը չպետք է լուծվի անգամ Մհեր Գրիգորյանի մակարդակով»,- եպիսկոպոսը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ իշխանությունը Տավուշում ճնշումներ է գործադրում մարդկանց վրա։ Նա նշել է, որ մարդիկ աշխատանքից ազատվելու վերաբերյալ սպառնալիքներ են ստանում։
«Իշխանությունը բռնել է միակողմանի զիջման գնալու ճանապարհով։ Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ճնշումներ գործադրել և այդպես ազդեցություն ունենալ նրանց վրա»,- հավելել է Աբրահամյանը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան։ Ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը ՀՀ ԱԳՆ հայտարարութունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։
Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։ Ապրիլի 22-ին, սակայն, բնակիչները վերսկսել էին ակցիաները, քանի որ զորքերի հետքաշման նպատակով ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։