Ադրբեջանը կարող էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական AzTV հեռուսաալիքին տված հարցազրույցն օգտագործել որպես «կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց»՝ արագացնելու Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը, գրել է «Փաստ»-ը։
Թերթը հիշեցրել է, որ մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը հրապարակել էր այդ հարցազրույցի անոնսը, որում զրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր։ Սակայն «ռեզոնանսային անոնս» անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց, նշել է թերթը։
«Փոխարենը՝ այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել»,- գրել է թերթը:
Լրատվականը հավելել է, որ դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Ադրբեջանական AzTV-ն մարտի 10-ին տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանն ստիպել էր հարցազրույցներ տալ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը:
Սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակումից հետո ադրբեջանցիները գերի էին վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Հունվարի 25-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դատարանը 4 ամսով երկարաձել էր նրանց կալանքը։