Գեղարքունիքի բնակիչները շուրջ մեկ ժամով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ այդպես իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիներին։
Երթևեկությունն իրենց կայանած մեքենաներով կանգնեցրած մարդիկ լրագրողներին հայտնել են, որ հասարակությունն ամեն տեղ «քնած է», պետք է ակտիվացնել դիմակայությունը՝ Տավուշում տարածքներ հանձնելու գործընթացի դեմ։
«Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է։ Պետք է դուրս գան, վախեցած նստած են, չի կարելի այդպես։ Տավուշից վերջացնեն՝ Գեղարքունիքին են անցնելու։ Մենք ոչ մեկին հող չունենք տալու»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի պնդել է, որ իրավիճակի պատճառներից մեկը մարզային տարբերակումներ դնելն է։
«Տավուշցի՛ն որն է, ղարաբաղցի՛ն որն է, գեղարքունիքցի՛ն որն է։ Մենք հայրենիք սիրող ենք։ Ելեք իրար կողք կանգնեք, եթե ոչ, ուրեմն բոլորդ թուրքի կողմն եք»,- ասել է բողոքի մեկ այլ մասնակից։
Քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի կուսակցության անդամ ու համակիր չեն, ուղղորդված չեն որևէ մեկի կողմից։
«Ով դուրս եկավ փողոց՝ մի անուն դրեցին։ Թող փորձի մեկն ինձ անուն դնել։ Ասում են՝ ճամփա փակելով չի՝ զենք բռնելով է, դե ելեք՝ զենք բռնեք»,- ասել է մարզաբնակներից մեկը։
Ցուցարարները վստահ են, որ Տավուշում սահմանազատումը հղի է նաև տնտեսական ռիսկերով։
«Վրաստանից մանդարին ու պամպերս եք բերում, գոնե հանուն դրա կանգնեք ոտքի, չեք կարողանալու մեկնել Վրաստան»,- ասել են նրանք։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան։ Ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը ՀՀ ԱԳՆ հայտարարութունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն էլ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։