Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Էրդողանն ապրիլի 24-ին ասել է՝ «մոռացե՛ք անհիմն հիշողությունները և երևակայական պատմությունները»։
«Պարոն նախագահ, մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են։ Մենք մե՛կ ազգ ենք՝ մե՛կ պահանջատիրությամբ։ Մենք պատմություն կերտեցինք, հայրենիք պահեցինք, մշակույթ ստեղծեցինք նույնիսկ արյան գնով։ Մենք պահանջում ենք Արցախի ժողովրդի վերադարձն Արցախ և նրանց իրավունքների վերականգնում՝ միջազգային երաշխավորությամբ: Մենք պահանջում ենք Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր գերիների՝ առանց պայմանի շուտափույթ ազատ արձակումը: Պահանջում ենք Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության դատապարտում՝ Թուրքիայի կողմից, և մեր ժողովրդի իրավունքների արդար հատուցում»,- նշել է նա։
Կաթողիկոսը հայ ազգին համախմբվելու կոչ է արել՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչից վեր դասել Հայաստանի փրկությունը։
«Արթո՛ւն եղիր, հայ ժողովուրդ։ Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն իրենց օղակի մեջ խեղդել Հայաստանը, խաղաղության հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստորեն կսպառնան Հայաստանի ամբողջականությանն ու անվտանգությանը, նույնիսկ գոյությանը»,- հավելել է Արամ Ա-ն։
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։