Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը, X-ում (նախկին Twitter) գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
«Ֆրանսիայում ևս 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրն է։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- հավելել է Մակրոնը:
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։