Հայաստանի իշխանությունները դադարել են պայքար մղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, երկրի ներսում այս հարցի շուրջ թուրքական քարոզչության տարրեր են շրջանառում, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հայաստանի Հանրապետությունը դադարել է պայքար մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սա չի վկայում միայն Հայոց ցեղասպանության արդար պայքարի շարունակականության բացակայության մասին, որն ունի փիլիսոփայական, հոգևոր և համամարդկային նշանակություն։ Սա նշանակում է, որ այլև Հայաստանի դե ֆակտո իշխանությունները հրաժարվել են այդ գործիքը կիրառել մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։
Փորձագետը նշել է, որ նախկինում այդ գործիքը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցի այն սակավ, բայց արդյունավետ միջոցներից մեկը, որով Հայաստանը կարողացել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ որոշակիորեն ամրապնդելով հայկական կողմի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։
Գեղամյանն ընդգծել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության և դրա հետ փոխկապակցված գրեթե բոլոր հարցերը, փաստերը, քայլերը նույնպես դադարել են Հայաստանի իշխանությունների ներքին հռետորաբանության մաս լինել։ Նա նշել է, որ, օրինակ, փողոցներում չկան Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» մակագրությամբ պաստառներ, չկան պետական մեծ մասշտաբի միջոցառումներ, եղածներն էլ իրենց մեջ ոչ թե քաղաքական, իրավական, այլ մշակութային բաղադրիչ են կրում։
«Այլևս չի անցկացվում մեծ գիտաժողով, որին արտասահմանից հայտնի մասնագետներ, քաղաքական գործիչներ կհրավիրվեին։ Պետական կամ պետականամերձ հեռուստատեսություններովն Ցեղասպանության թեմայով այլևս որևէ աշխատանք չի ցուցադրվում, որպեսզի մարդիկ հիշեն, նոր փաստեր իմանան»,- հավելել է փորձագետը։
Ըստ թյուրքագետի՝ դե ֆակտո իշխանությունների կողմից թեպետ զգուշավոր, փոքր քայլերով, բայց Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու միտում կա։
«Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում հայտնվում են պրոթուրքական քարոզչության տարրեր կամ ամբողջությամբ «մերկ» թուրքական քարոզչություն։ Դա տեղի է ունենում տարբեր մակարդակներում՝ սկսած նրանից, որ Հայաստանի դե ֆակտո վարչապետն այնքան հաճախակի չի կիրառում «Հայոց ցեղասպանություն» իրավաքաղաքական եզրը, փոխարենն օգտագործվում են այլ ձևակերպումներ։ Բացի այդ, կասկածի տակ է դրվում հանցագործության փաստը, չի նշվում, որ Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից կատարվել է պետական հանցագործություն, որն այնուհետ շարունակել է քեմալական Թուրքիան։ Այսպիսով՝ իշխանություններն անուղղակի կերպով Թուրքիայի վրայից հանում են մեղքը, ինչը տարբեր մակարդակներում իր հետևանքներն ունի»,- ընդգծել է նա։
Փորձագետը մեկնաբանել է նաև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ կապված Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու, նրանց անունները նույնականացնելու անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ներհայկական քննարկումներում թուրքական քարոզչական թեզերի առաջխաղացման, իշխանությունների հակահայկական գործողությունների դրսևորումներից են։
«Դա բոլորովին ժամանակավրեպ, անտեղի և որևէ բան չտվող գործ է։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ հանկարծ հիմա հիշեցին ու այդ թեման առաջ բերեցին։ Երկրորդ, նրանք, ովքեր մանրամասն հետևում են Հայոց ցեղասպանության հարցում թուրքական մերժողականության քաղաքականության տարբեր դրսևորումներին, շատ լավ գիտեն, որ թուրքական կողմից ուղղակի և անուղղակի, նույնիսկ տարբեր հայկական ազգանուններով մարդկանց միջոցով նախորդ տարիներին փորձ է արվել այդ թեման զարգացնելու առաջարկ անել, օրինակ՝ դրամաշնորհներ տալու միջոցով, որ, իբր, ուսումնասիրեն և ցուցակագրեն մարդկանց։ Այդուհանդերձ՝ բայց դա շատ ակնհայտ միտում և նպատակ ունի»,- ասել է թուրքագետը։
Նա ընդգծել է, որ ցուցակագրումը շատ բարդ և երկարատև գործընթաց է, որը կարող է տևել տասնամյակներ։
«Տասնամյակների արդյունքում հնարավոր կլինի, օրինակ, ցուցակագրել Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերից ընդամենը մի քանի տասնյակ հազարի։ Ընդ որում՝ այդ գործընթացը թուրքական կողմին հնարավորություն է տալու ասել՝ «այսքանին եք ցուցակագրել, իսկ մնացա՞ծը, ուրեմն նրանք չկան ու դուք ստել եք»։ Այսինքն, սա հայկական օրակարգ չէ, հայկական կողմից նման պահանջ չի գալիս։ Հայկական ազգանուններով տարբեր անձանց կողմից այս թեզն առաջ տանելը թուրքական քարոզչության հերթական փորձն է` Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու կամ այն հերքելու ու մերժելու համար»,- ընդգծել է փորձագետը։
Թյուրքագետը նաև նշել է, որ զոհերի ցուցակագրման թեման ինքնին կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստի գիտական ճանաչումը, որը վաղուց արված է։
«Մի քանի տասնյակ երկրներ, միջազգային հանրություն կոչվածը այդ գիտական ճանաչման հիման վրա են Հայոց ցեղասպանությունը որպես կայացած փաստ ճանաչել։ Հայոց ցեղասպանության փաստը նույնիսկ Օսմանյան կառավարությունն է ճանաչել՝ 1919թ․ դատապարտելով այն իրագործած մի քանի տասնյակ օսմանցի քաղաքական գործիչների»,- հավելել է Գեղամյանը։
Ապրիլի 15-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ ստեղծել։ Նրա խոսքով՝ դա մեկ պարզ բացատրություն ունի, որպեսզի «մենք իմանանք մեր բոլոր 1,5 միլիոն զոհված հայրենակիցների հասցեները»Ըստ Քոչարյանի՝ «եթե դա հաջողվել է հրեաներին, ապա կհաջողվի նաև հայերին, սակայն մինչև այժմ այդ ցուցակագրումը չի իրականացվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան