Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ պայքարող հայրենակիցներին աջակցելու համար Հայաստանում ճանապարհներ են փակվել, տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, հայտնում են «Ազգային ճակատ» հասարակական կազմակերպությունից։
Տեղեկացնում են, որ քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Տիգրանաշենի հատվածում, Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում։ Ավելի ուշ ակցիաներ են սկսվել նաև Երևանում։
«Ազգային ճակատից» հավելել են, որ Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։