Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ապահովելով իր մասնակցությունը եզրափակչին:
Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության եզրափակիչ էր դուրս եկել տղամարդկանց մեծահասակների հավաքականի 3 անդամ՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան այսօր՝ ապրիլի 26-ին: