Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով Եվրախորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի բանաձևի վերաբերյալ հարցին։
«Այս քայլը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի հստակ քաղաքական պատվեր՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը», – ասել է նա։
Նրա խոսքով՝ նման փաստաթղթերի ընդունումը խրախուսողների մտադրությունը եվրոպական հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելն է։
«Բացի դրանից, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Եվրախորհրդարանին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և դատավարություններին»,- ասել է Հաջիզադեն:
Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև, որով կոչ էր արվում էներգետիկայի ոլորտում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը: Բանաձևը նաև կոչ էր անում հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից, քանի դեռ քաղբանտարկյալներն Ադրբեջանում ազատ չեն արձակվել և մարդու իրավունքների խնդրում իրավիճակը չի բարելավվել: