Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Երևանին և Բաքվին «անհրաժեշտ կառուցողականություն ցուցաբերել» երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն անհրաժեշտ կառուցողականություն կցուցաբերեն», – հայտարարել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը դրական է գնահատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և հավելել, որ հավատում է այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Ալիևն ու Շոլցն ապրիլի 26-ին Բեռլինում բանակցություններ են վարել անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական ու էներգետիկ հարցերի քննարկման համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին Մյունխենում Ալիևի և Շոլցի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։