ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո, հայտնել է ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ արձագանքելով պատգամավոր Արթուր Խաչատրյանին բերման ենթարկելու դեպքին։
«Իրականացված այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից ոստիկանության ծառայողներն իրեն ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ից հավելում են, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։
Ոստիկանները Երևան-Սևան մայրուղու հատվածից բերման էին ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը միացել էր Տավուշում սահմանազատման դեմ ակցիա իրականացնողներին։