Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կիրանցում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով տուժածներին։
Իջևանի բժշկական կենտրոնում նրանք զրուցել են տուժածների հետ։ Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից նշել են, որ ապրիլի 26-ի երեկոյան բժշկական կենտրոն են տեղափոխվել ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաները։
«Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից»,- ասված է հաղորդագրությունում:
Գրասենյակի մամուլի ծառայությունը կարևորել է բողոքի ցույցերի ժամանակ երեխաների անվտանգության ապահովումը ինչպես պետական կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների կողմից:
Տավուշում ապրիլի 26-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ Կիրանց գյուղի ճանապարհը փակած ցուցարարների միջև։
Բախման ժամանակ, ըստ ցուցարարների, պայթյուն է լսվել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է կիրառել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ-ն հերքել է ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կամ այլ հատուկ միջոցի կիրառման մասին տեղեկությունը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։