Տավուշի մարզում սահմանազատման դեմ բողոքի ակցիայի մասնակից Վահագն Մախսուդյանը՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին, տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանը և Վահան Անանյանն ապրիլի 28-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մախսուդյանի նկատմամբ դատավոր Մայիս Մելքոնյանը կիրառել է երկամսյա կալանք, Ղուկասյանը և Անանյանը կալանավորվել են մեկ ամսով։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Մախսուդյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ «մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն»։
Ապրիլի 27-ին Տավուշի մարզում ոստիկանները բերման էին ենթարկել Մախսուդյանին։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։