Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը հայտարարել է, որ իրեն կալանավորել են հորը լռեցնելու համար, հայտնում են «Ազգային ճակատ» հասարակական կազմակերպությունից։
Նա դատարանի շենքից դուրս գալիս կոչ է արել շարունակել պայքարը․ «Դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,- ասել է նա։
Ապրիլի 27-ին Տավուշի մարզում ոստիկանները բերման էին ենթարկել Մախսուդյանին, ապրիլի 28-ին դատարանի որոշմամբ նա և 2 տավուշցի կալանավորվել են։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։