Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ 1 անձի մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը՝ ԶԼՄ-ների կամ տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Աբրահամյանը հիշեցրել է, որ դեպքի առնչությամբ ավելի վաղ 7 անձ էր ձերբակալվել։
«Մեղադրանք է առաջադվել ձերբակալվածներից միայն մեկին, մյուսների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, և նրանք ազատ են արձակվել»,- հավելել է ՔԿ խոսնակը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հակոբյանին դիմավորել էին «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով։