«Իմնեմնիմի» փոդքասթի համահիմանդիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է նրա կալանքի դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, հայտնել է փաստաբանը։
«Օրեր առաջ նույն դատավորը մերժել էր նույն գործով մեկ այլ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։ Հասկանու՞մ եք՝ ինչ է եղել։ Նույն մարդն օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլիգանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի»,- գրել է Մելիքյանը։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են։