ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասին։ Պատգամավորը մանրամասնել է, որ հաղորդումը կապված է ապրիլի 26-ին ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու և բերման ենթարկելու հետ։
«Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը՝ իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով, չորս ոստիկանի ուղեկցությամբ, տեղափոխել Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր, որը քաղաքացիական հագուստով էր։ Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են»,- հայտնել է պատգամավորը։
Ոստիկաններն ապրիլի 26-ին բերման էին ենթարկել Խաչատրյանին, որը միացել էր Տավուշում սահմանազատման դեմ ակցիա իրականացնողներին։ ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, միակ բացառությունն այն է, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։