Արցախում այսօր՝ մարտի 31-ին, անցկացվում են համապետական ընտրություններ։ Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, բոլոր ընտրատեղամասերում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Նշենք, որ Արցախում համաժողովրդական ընտրությունների միջոցով նախագահի ընտրություն տեղի կունենա 6-րդ, իսկ խորհրդարանի՝ 7-րդ անգամ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 26-ին և տևել է մինչև մարտի 29-ը: Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:
Արցախի Հանրապետության ոստիկանության 2020 թվականի մարտի 30-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 663 է: