ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Գերատեսչությունից նշում են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Մարտի 8-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել էր, որ Փարիզի հետ ռազմական համագործակցության միջոցով պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի որոշումը կապված է ՌԴ և ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների անարդյունավետության հետ։ Մարտի 10-ին դեսպանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ էր արել չհրաժարվել իրենց՝ Արցախ վերադարձի իրավունքից։
Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել էր Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը։ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Փետրվարի 23-ին Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել էին մի շարք պայմանագրեր։