Հայաստանի իշխանությունները մարզպետներին հանձնարարել են Տավուշին աջակցելու և սահմանազատման դեմ ակցիաներ իրականացնող, փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նրանց առջև ցուցարարներին վիրավորելու, պատգամավորներին ամոթանք տալու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին գովելու խնդիր է դրվելու։
Նրանք, ըստ թերթի, կփորձեն ցույց տալ, որ «իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է հողերը հանձնելուն և միակողմանի զիջումներին և շարունակում է պաշտել Փաշինյանին»։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։