Երգիծաբան Հովհաննես Դավթյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 28-ին իր КабLOOK Stand Up Show ներկայացման ժամանակ «վարձատրված» է անվանել Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ ակցիան։ Ներկայացման մեկնարկում երիտասարդը բարձրացել էր բեմահարթակ՝ պարզելով «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հանդիսատեսն ակցիան ողջունել էր ծափողջույններով, բացականչել՝ «Բրավո»:
Տեսանյութը տարածվել էր համացանցում։ Ի պատասխան՝ Դավթյանը երկար դիտել էր պաստառը, որից հետո հարցրել․ «Հիմա չգիտեմ, թե ես ինչ պիտի անեմ»։
Ապրիլի 29-ին երգիծաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է միջադեպին։ Նա հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները վարձատրվել են իրենց արարքի համար, և եթե դա լիներ ազատ քաղաքացիների քաղաքական դիրքորոշման անկեղծ դրսևորում, ինքը որևէ առարկություն չէր ունենա։
«Այդ սոպլյակները ոչ թե ինքնաբուխ ակցիա են իրականացրել կամ հայրենասեր տղերք են, ինձ ասացին, որ նրանք այդպիսի ակցիաների համար վճարվում են։ Այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Դու շո՛ւն ես, եղբայր, քեզ փող են տալիս նման բաներ անելու համար։ Հայրենասերից մինչև շուն մեկ քայլ է։ Եթե դա անեիր ինքնաբուխ, հայրենասիրությունից դրդված, կլինեիր մի հրաշք անձնավորություն՝ իմ եղբայրը, իմ ընկերը, իմ հայրենակիցը»,- ասել է Դավթյանը։
Նա նաև պատմել է, որ ակցիայից հետո այն իրականացնողներին ոստիկանությունը ձերբակալել է։
«Անվտանգության աշխատակիցները նրանց բռնել են ու մի երկու ճլոտի տվել, տարել են քաղմաս, երկու փաստաբան իրենց սպասում էր համալիրում, երկուսն էլ՝ քաղմասում»,- պատմել է երգիծաբանը։
Դավթյանը կոչ է արել նմանատիպ միջոցառումների անցկացման համար այլ վայրեր փնտրել՝ չնայած նրան, որ իրեն անհանգստացնում են տարածքային կորուստները, որ կրում է Հայաստանը։
«Այստեղ չի քննարկվում, թե պաստառի վրա գրված թեզն ինչքանով է իմ սրտին մոտ, չի քննարկվում, թե ես քաղաքական ինչ ուղվածություն ունեմ, ունեմ թե չունեմ (չունեմ, իհարկե, դուք դա լավ գիտեք)։ Չի քննարկվում՝ համաձա՞յն եմ ձեզ հետ, թե ոչ։ Իհարկե, որպես հայ ու ՀՀ քաղաքացի իմ սիրտն էլ է ցավում, թե ինչ վիճակում է երկիրը, տարածքներ է կորցնում, փոքրանում, բայց նմանատիպ հարցերն այլ հարթակներում կարելի է քննարկել։ Ես ունեմ մեծ աուդիտորիա, եթե այս թեմայով բան ունենամ ասելու՝ կասեմ, ու իմ հանդիսատեսը, հետևորդները, իմ հանրությունն ինձ կլսի։ Դուք ո՞վ եք, քանի՞ գլուխ ունեք, գաք ու ներկայացման սկզբից մտնեք բեմ և այդ պաստառը պարզեք»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ նման գործողությունները վնաս են հասցնում իր հեղինակությանը և փչացնում ներկայացման որակը․ «Ստեղծագործական իմաստով՝ դու ինձ հենց սկզբից փակում ես՝ մտնելով իմ տարածք, որը ես վարձել եմ մի քանի միլիոն դրամով, ու ռիսկի տակ ես դնում իմ ներկայացման որակը»։
Նա նաև կոչ է արել իրեն չներգրավվել քաղաքական պայքարին, լրատվամիջոցներին մեղադրել է ապատեղեկատվության տարածման մեջ, թե իբր ինքն է ներկայացման սկզբում քաղաքական ակցիա բեմադրել՝ քաղաքական կոչերով։
«Ամոթ չունե՞ք, չե՞ք հասկանում, ես քաղաքականցված մարդ չեմ։ Քաղաքական գործիչներ, դուք որ գումար եք տալիս, այդքան անմակարդա՞կ եք, չե՞ք հասկանում, որ կարող է լինել մարդ, ով քաղաքակացված չէ։ Դուք որ կեղտոտ եք, չեք հավատում, որ կարող է մաքուր մարդ լինել։ Ինձ ոչ-ոք գումար չի տալիս, ոչ մեկին անձամբ ծանոթ չեմ, ոչ մի քաղաքական գործի հետ չեմ հանդիպել»,- նշել է նա։
Դավթյանը հավելել է, որ որևէ քաղաքական ուժի միանալու մտադրություն չունի։ Նրա խոսքով՝ ինքն ունի դերասանական դպրոց և չունի ցանկություն, որ իր սաներն իրեն տեսնելուց ասեն, որ հարում է ինչ-որ ուժի կամ մասնակցել է հանրահավաքների։
«Կամ երեխաս մեծանա և ասի՝ ապո՞ւշ ես, պապա ջան, այդ ի՞նչ ես արել կամ անում։ Նույնը կարող են ասել ծնողներս։ Ես ստեղծագործ մարդ եմ, պատասխանատու եմ իմ հանդիսատեսի գոհ լինելու համար»,- եզրափակել է նա։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին տարածվել էին նաև ՀՀ մյուս մարզերում և Երևանում։