«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Facebook սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյանից պահանջել է ներողություն խնդրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից և հերքել նրա մասին արված հայտարարությունն այն մասին, թե, իբր, նա «որդիներին բանակից ազատել է»։
«Ապրիլի 30-ին օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազանը երկու որդիներին էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։ Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողություն խնդրելու 24 ժամ ունի»,- հայտարարել է շարժումը։
Հայտնել են, որ նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում հայց կներկայացնեն դատարան և դատական կարգով կպահանջեն հերքել տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության ու անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Բողոքի ակցիաներին մասնակցում է նաև սրբազանը։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։