Երևանում այսօր՝ մայիսի 1-ին, տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությոն երթը։ Երթի մասնակիցներն Իսահակյանի արձանի հարակից տարածքից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։ Նրանք վանկարկում էին «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսը։
Ակցիային մասնակցում էր մոտ 200 մարդ, հաղորդել է Armenia Today-ի թղթակիցը՝ վկայակոչելով Հայաստանի ոստիկանության տվյալները։ Նրանց թվում թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի ներկայացուցիչներ էին։
Երթի կազմակերպիչ, Հայաստանի պետական հիմնարկների ՏԻՄ աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը լրագրողներին ասաց, որ առաջին հերթին՝ պետք է պաշտպանել արհմիությունների աշխատանքներին խոչընդոտելու խնդիրը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի միությունը կարողանա օրենսդիր և գործադիր իշխանություններին փոխանցել աշխատանքային հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները։
«Պետք է աշխատել 2 ուղղությամբ։ Առաջինը պետք է օրենսդրական փոփոխությունների անցնել, և երկրորդը՝ պետք է մշակույթ ձևավորել։ Որովհետև մի բան է ունենալ օրենք, մեկ այլ բան է՝ այդ օրենքը կիրառել։ Օրենքում հնարավոր չէ ամեն ինչ գրել, պետք է ունենալ մշակույթ։ Արհմիությունների դերը պետք է ուժեղանա, նրաք պետք է միասնական լինեն, ավելի մեծ թվով աշխատողներ պետք է միավորված լինեն»,- ասաց նա։
Նա նաև հայտնեց տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին քաղաքականացնելու փորձերի հետ կապված խնդիրների մասին։
«Խնդիրներից մեկն այն է, որ փորձ է արվում քաղաքականացնել հանրային ծառայությունը։ Մենք տեսնում ենք, որ ղեկավարները փոխվում են՝ չնայած աշխատողները պաշտպանված են հանրային ծառայության, համայնքային ծառայության մասին օրենքներով, բայց կան դեպքեր, որ նոր ղեկավարը որոշում է հին աշխատողներից ազատվել, դրդել դիմում գրել-գնալ և նոր աշխատողներ բերել ու, հիմնականում, շատ դեպքերում դրանք լինում են ընկերներ, ծանոթներ, ինչպես նաև կուսակցական ընկերներ»,- ասել է Ասատրյանը։
2000թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը, որից հետո 24 ճյուղային միություններ գումարել էին իրենց համագումարները, գրանցվել պետական ռեգիստրում՝ որպես արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություններ։
Համագումարն ընդունել էր հռչակագիր նոր միություն հիմնադրելու և «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության առաջին համագումար հրավիրելու մասին:
Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ այն մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվել էին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Կոնգրեսի որոշմամբ՝ սահմանվել էր մեկ միասնական օր, որն աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես՝ ութժամյա աշխատանքային օրվա համար:
Հետագայում, երբ ստեղծվել էր Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսել է նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում են քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: