Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի քայլերի հաջորդականության մասին։
Նրա խոսքով՝ նախ փոխադարձաբար կլուծվի սահմանազատված հատվածներում սահմանային պաշտպանությունը սահմանապահ զորքերին փոխանցելու հարցը։
Երկրորդ՝ կողմերի սահմանազատման հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը։
Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ այս կանոնակարգը լինի գործնական աշխատանքի ձեռնարկ, որը կարտացոլի ձեռք բերված փորձը։ Փաշինյանը նշել է, որ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգ։ Այնուհետև հանձնաժողովները պետք է պայմանավորվեն սահմանազատման հերթականության հարցի շուրջ։
Նա նաև ընդգծել է, որ բանակցությունների ողջ ընթացքում, հրապարակային և ոչ հրապարակային, հայկական կողմը բարձրացրել է 31 հայկական գյուղերի կենսական նշանակության տարածքների և Արծվաշենի հարցը, «որը, բնականաբար, լինելու է սահմանազատման գործընթացում»։
Փաշինյանը նշել է, որ սահմանազատված հատվածներում սահմանը հսկելու են ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Նշելով, որ նախքան Տավուշի սահմանազատման գործընթացի մեկնարկն Ադրբեջանը որպես հաղթաթուղթ ու փաստարկ օգտագործում էր 4 սահմանամերձ գյուղերի հարցը, վարչապետն ասել է. «Շատերն ասում են՝ Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն, չակերտներով կամ առանց չակերտների լեգիտիմացնելու առումով»։
Փաշինյանն ասել է, որ Տավուշի սահմանազատումից հետո Բաքվից նոր միակողմանի պահանջների բացակայության երաշխիքը «մեր դիրքերի լեգիտիմությունն է»։ Նրա խոսքով՝ «ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում հաջող, օգտագործել ցույց տալու համար, որ Հայաստանն է գործում իր լեգիտիմ գծերից անդին։ Հայաստանի անվտանգությունը փլուզվող միջավայրում է, գլոբալ անվտանգության փլուզվող միջավայրում, ո՞րն է այն գործոնը, որը պետք է հնարավորություն տա իր վրա հենվել և անվտանգային, ըստ էության, նոր համակարգ ստեղծել։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ գործոնը լեգիտիմությունն է»,- ընդգծել է նա։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Մանրամասները՝ տեսանյութում։