Ապրիլի 30-ին Ազգային ժողովում լրագրող Դավիթ Լևոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Սուքոյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից։
«Civic.am լրատվական գործակալության լրագրողն իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով գտնվել է ՀՀ ԱԺ բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով, վիրավորելով լրագրողին, պարզաբանում է պահանջել Լևոնյանի կողմից որպես լրագրող օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքի տեսախցիկը վնասվել է»,- հայտնել են ՔԿ-ից։
Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Սուքոյանը «շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել»։
Սուքոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, պատժվում է մինչև 6 տարի ազատազրկմամբ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ապրիլի 30-ին գրել էր, որ Սուքոյանն ԱԺ-ի տարածքում հարվածել է Civic․am-ի լրագրողին։ Ապրիլի 30-ին ՔԿ-ն պատգամավորի օգնականի և լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցել։ Լևոնյանը տուժող էր ճանաչվել։