Կիրանցում այսօր առավոտյան բերման է ենթարկվել 30 անձ, Armenia Today-ին հաղորդեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրանք բոլորն ացնում են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը և իրականացնում են «Օղակ» օպերացիա:
Ըստ պատգամավորի՝ մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ բերման են ենթարկվել: Նրանց թվում կան անչափահասներ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան։ Ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը ՀՀ ԱԳՆ հայտարարությունից հետո, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։