Ապրիլի 12-ին 4 զինծառայողի կյանք խլած «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ N զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Երկու պաշտոնատար անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանքներ են ներկայացվել (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով):
ՔԿ-ն նախաքննությամբ պարզել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի են եղել։
«ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։ Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով»,- հայտնել են ՔԿ-ից։
Գերատեսչությունը պարզել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են օրենքով սահմանված տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները։
«Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների, ինչպես նաև այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունն արտահոսքի հետևանքով չի պահպանվում, ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը»,- հավելել են ՔԿ-ից։
Ապրիլի 12-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին: Վթարի հետևանքով մահացել էին Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ ՔԿ-ն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։