ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարել որևէ պարագայում ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Տավուշում և հանրապետության այլ վայրերում ակցիաների հետ կապված արձանագրել է, որ դրանց ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ։
«Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցա՞նք, թե՞ վարչական իրավախախտում կատարելու հիմքով»,- նշել է պաշտպանի գրասենյակը։
ՀՀ ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում նաև ազատությունից զրկվածին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։ Գրասենյակից վստահեցրել են, արձանագրված բոլոր դեպքերով պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին, այդ թվում՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։
Պաշտպանը նաև անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպի Կիրանց գյուղ մարդկանց մուտքը թույլ չտալու դեպքի կապակցությամբ՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու իրավական հիմքերը ներկայացնելու պահանջով: ՄԻՊ-ը հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։
Մայիսի 2-ին ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Կիրանցում առավոտյան բերման է ենթարկվել 30 անձ, ավելի ուշ բոլոր կիրանցեցիներն ազատ էին արձակել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը և իրականացնում են «Օղակ» օպերացիա:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։