«Հայաստան» խմբացության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսել է Տավուշում և այլ վայրերում բողոքի ակցիաների պայմաններում ընդդիմության քայլերի մասին։
Նա այս պահին ճիշտ չի համարել առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, «քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ և պետք է այն դարձնել համահայաստանյան ու համահայկական»։
Սաղաթելյանը նշել է, որ այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։
«Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը և այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում լինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար»,- ընդգծել է գործիչը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։