ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հայտնել է, որ 2023թ․ ապրիլին Տեղ գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Նրա խոսքով՝ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել։
«Վարույթ է իրականացվել, մանրամասն ստուգման են ենթարկվել և հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, վարույթը կարճված է»,- նշել է Վարդապետյանը։
2023թ․ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն էր որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։
Ապրիլի 11-ին ադրբեջանական զինուժի հարձակումից հետո Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Տեղ գյուղ։ Մեր թղթակցին հաջողվել էր զրուցել տեղի բնակիչների, օմբուդսմեն Անահիտ Մանասյանի, շրջանի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի, ինչպես նաև արցախցիների հետ, ովքեր 2022 թվականի օգոստոսին լքել էին Արցախի Աղավնո համայնքը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Ավելին՝ հետևյալ հղումով։