Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքի աճուրդի տունը վաճառքից հանել է հին եգիպտական 18 գանգեր այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամներից մեկը հայտարարել է, որ դրանց վաճառքը խորհրդանշում է գաղութատիրական շրջանի վայրագությունները, հայտնում է The Guardian-ը։
«Մարդկային մարմինների մնացորդների վաճառքը ցանկացած նպատակով պետք է անօրինական ճանաչվի՝ որպես «մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարում»,- ասել է Աֆրիկյան հատուցումների հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Բելլա Ռիբեյրո-Ադին։
Semley աճուրդի տունը վաճառքի էր հանել 10 տղամարդու, 5 կնոջ և 3 մարդու գանգ, որոնց սեռը չի հաջողվել որոշել։ Դրանցից յուրաքանչյուրի մոտավոր գինը 200-300 ֆունտ ստեռլինգ էր։ Մարդկային մասունքները հավաքել և բերել է բրիտանացի զինվոր և հնագետ Օգյուստ Հենրի Լեյն Ֆոքս Փիթ-Ռիվերսը, ով 1884 թվականին Օքսֆորդի համալսարանում հիմնադրել է Փիթ-Ռիվերս թանգարանը։ Դրանց մի մասը բերվել է Հին Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեից և թվագրված է մ.թ.ա.1550-1292 թթ.։
Միաժամանակ, ինչպես նշում է The Guardian-ը, Մեծ Բրիտանիան խիստ կանոններ ունի մարդկային մնացորդների պահպանման և ցուցադրման համար։
Աճուրդի տան ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ «այդ իրերն օրինական են վաճառվում Մեծ Բրիտանիայում և ներկայացնում են հնագիտական և մարդաբանական հետաքրքրություն», սակայն քննարկումից հետո ղեկավարությունը որոշել է դրանք հանել վաճառքից։