Զգուշավոր լավատեսություն եմ ուզում հայտնել Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում։ Հանդիպումը նախատեսված է մայիսի 10-ին։
«Որքան նկատեցի՝ դուք մի փոքր գուցե՝ կատակով, գուցե՝ հեգնանքով, «պինգ-պոնգ դիվանագիտություն» անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության շուրջ բանակցությունները, բայց այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների, բազմաթիվ հարցերի շուրջ»,- ասել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող «զուգահեռ գործընթացների» մասին։
«Մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում, և սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության եկել սկզբունքների շուրջ։ Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցի շուրջ»,- ասել է նախարարը։
Միրզոյանն առանձնացրել է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չունեն համաձայնություն։
«Այստեղ մենք լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք Հայաստանի շահագրգռվածությունը՝ բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և հաղորդակցություններն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա»,- ասել է Միրզոյանը։
Արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ մայիսի 6-ին հայտնել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միիրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կկայանա մայիսի 10-ին՝ Ալմա-Աթայում։