Հայաստանը վարկային համաձայնագիր կստորագրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրո հատկացնելու համար։ Որոշումը կայացվել է կառավարությունը մայիսի 8-ին կայացած նիստում։
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ Քաջարան-Սիսիան նոր՝ 60 կմ ճանապարհը, որը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հատվածներից մեկն է, բաժանված է երեք հատվածի՝ հյուսիսային (27 կմ), կենտրոնական (Բարգուշատի թունել, 8,6 կմ) և հարավային (24,2 կմ):
«Այս ծրագրի իրականացումը Քաջարան-Սիսիան հեռավորությունը կնվազեցնի 118 կմ-ից մինչև 60 կմ, իսկ միջին արագությունը կբարձրանա 50-ից մինչև 100 կմ/ժ»,- ասել է նախարարը։
Ըստ նախագծի՝ ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ. նոյեմբեր:
Նշենք, որ հունվարի 27-ին կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: Անցակետի արդիականացնումն իրականացվում է Եվրամիության և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: